«Սյունյաց երկիր»
Ստոմատոլոգիական կոնֆերանս մարզկենտրոնում
Երկու տարի առաջ հանրապետությունում ստեղծվեց հայ ստոմատոլոգների միությունը, որն արդեն միավորում է մոտ 400 անդամի, ունի իր օրհներգը, 15 հոգուց բաղկացած վարչություն: Միությունը գիտագործնական գործունեություն է ծավալել, մասնավորապես, կոնֆերանսներ կազմակերպելով՝ ստոմատոլոգիայի առաջավոր փորձը ոլորտի մասնագետներին, ընդհանրապես մարզեր հասցնելու նպատակով: Աննախադեպ կոնֆերանս անցկացվեց Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում, որին մասնակցում էին ստոմատոլոգներ հանրապետության տարբեր տարածաշրջաններից եւ Արցախի Հանրապետությունից:
- Հայ ստոմատոլոգների միության վարչությունը սիրով արձագանքեց մեր առաջարկին՝ կոնֆերանսն անցկացնել Կապանում: Կարծում էինք, որ մասնակիցները մեր մարզից կլինեին, բայց նրանց աշխարհագրությունն ավելի քան ներկայացուցչական է՝ ընդհուպ մասնակիցներ կան Արցախից: Կոնֆերանսին ելույթ ունեցող մասնակիցները հանրապետության ճանաչված մասնագետներ են, եւ նրանց փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն մարզերում աշխատող ստոմատոլոգներին: Ստոմատոլոգների միության վարչությունում ընտրեցինք այնպիսի թեմաներ, որոնք արդիական են, կարծում եմ՝ ներկաները բավականություն կստանան դրանց լուսաբանումից, կօգտագործեն գործնական աշխատանքում, - կոնֆերանսից առաջ «Սյունյաց երկրին» փոխանցեց ՀՍՄ վարչության անդամ Նաիրա Պետրոսյանը:
Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին հայ ստոմատոլոգների միության (ՀՍՄ) նախագահ Թորգոմ Դաշտոյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը:
Կոնֆերանսում ընթերցված զեկուցումները վերաբերում էին ստոմատոլոգիայի նեղ ոլորտներին: Մարտիկ Հարություն-Քարամը, մասնավորապես, ներկայացրեց ատամնախողովակների մշակման, պրոզայիկ լեզվով ասած՝ ատամի նյարդի հեռացման տեխնոլոգիան, Կարեն Գաբրիելյանի զեկուցումը վերաբերում էր այն եղանակներին, թե ինչպես կարելի է որոշել կենտրոնական փոխհարաբերությունը եւ ինչպես այն փոխանցել հոդափոխանակիչի վրա: Թորգոմ Դաշտոյանն իր մեկնաբանումներով անդրադարձավ իմպլանտոլոգիայի աշխատանքային մեթոդիկային, մասնավորապես իմպլանտանտների եւ լնդային ձեւավորիչների տեղադրման տեխնիկային, իսկ Սերգո Հովհաննիսյանը՝ անշարժ պրոթեզավորմանը, նաեւ սխալներին եւ բարդություններին, որ հանդիպում են պրակտիկ ստոմատոլոգիայում:
Զեկուցումներն ուղեկցվում էին անհրաժեշտ մեկնաբանություններով, հարցուպատասխանի միջոցով պարզաբանվեցին ստոմատոլոգիայի նեղ ոլորտներին առնչվող խնդիրներ:
Սյունյաց Երկիր http://syuniacyerkir.am/news_view.php?post_id=15769